21 հունիսի 2023 - 11:16 AMT
Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարների և Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հունիսի 20-ի հանդիպմանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։

Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։

Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը և ընդգծել է ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։

Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։

ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։

Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ