21 հունիսի 2023 - 12:02 AMT
Փաշինյանը վստահ է` ԵԽ պատվիրակության այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի գնահատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն:

Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը:

Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:

Այս առումով, զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաև ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքի ու հետագա ծրագրերի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները: Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: