21 հունիսի 2023 - 12:17 AMT
Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ Շուշիի վերաբերյալ երկու իրարամերժ տվյալ է հաղորդել

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստում, նշել է, որ նա Շուշիի վերաբերյալ երկու իրարամերժ տվյալ է հաղորդել։

«Միայն մեկ դրվագի մասին կբարձրաձայնեմ՝ այսօր Փաշինյանը Շուշիի վերաբերյալ երկու իրարամերժ տվյալ է հաղորդել»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Հակոբյանը նշել է, որ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում նախ ասել է, իբր, իրեն նոյեմբերի 7-ին զեկուցել են, որ «Շուշին անկում է ապրել, մեկ էլ ասել է, թե նոյեմբերի 8-ին զեկուցել են, թե մերոնք Շուշիում են»։

«Ի՞նչ է սա նշանակում… Եզրակացությունս մեկն է՝ այդ մարդն իր պաշտոնում չէ։ Նա իրավիճակին չի՛ տիրապետել, չի՛ տիրապետում և՛ չի էլ տիրապետելու»,- ընդգծել է գեներալ-գնդապետը։

Պատասխանելով այն հարցին, թե ինքը արդյոք տեղյակ եղել է, որ 2020 թ. 44 օրյա պատերազմի ընթացքում քննարկվել է Մեղրիով միջանցքի տրամադրման որևէ տարբերակ՝ Մովսես Հակոբյանը նշել է, որ նման քննարկում ոչ միայն պատերազմի օրերին չի եղել, այլ նաև դրանից առաջ օրակարգում չի եղել։

«Ինչքան ես գիտեմ, նույնիսկ, այդպիսի որևէ փաստաթուղթ չկա։ Ես չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը, դա իր մեկնաբանությո՞ւնն է, թե՞ երազը, դա էլ չեմ հասկացել…»։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում, ըստ Փաշինյանի հաղորդած տեղեկատվության, հայկական կողմի վրա դրված մեկ այլ պայմանի մասին, այն է՝ Արցախի յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին, ապա գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն արձագանքել է.«Մեր առջև ոչ ոք նման խնդիր չի դրել։ Խնդիր է դրվել՝ պաշտպանել Արցախի Հանրապետությունը»։

Թե, առհասարակ, ի՞նչ պայմանների մասին է այսօր խոսել Փաշինյանը, Մովսես Հակոբյանի համար մինչև վերջ պարզ չէ։

«Իսկ ո՞վ էր պատերազմի ընթացքում իրենից ինչ-որ բան հարցնում՝ դադարեցնե՞լ պատերազմը, թե՞ ոչ կամ էլ՝ ի՞նչ պայմաններով դադարեցնել…Ես գիտեմ, որ իրենից ոչ ոք ոչինչ չէր հարցնում, ինչպես որ հիմա է»,- ամփոփելով զրույցն, ասել է գեներալ - գնդապետը։

Փաշինյանը մասնակցել է 44 -օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ինչը տեղի է ունեցել դռնբաց։ Թեև մինչ այս բոլոր հրավիրյալների վկայությունները եղել են դռնփակ նիստում, բայց Նիկոլ Փաշինյանի համար բացառություն էր արվել ու հրապարակային նիստ հրավիրել, որի ընթացքում նա խոսել է պատերազմը դադարեցնելու բանակցային փորձերի, Շուշիի անկման մասին։ Նա հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու համար առաջարկների մեջ եղել է նաև այն, որ խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկանքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ, ինչին ինքը չի համաձայնել։