21 հունիսի 2023 - 12:57 AMT
Սոֆյա Հովսեփյան․ Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի` 2-3 օրից վիճակն աղետալի կլինի

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը վերջին շրջանում բնակվում է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ-ում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը 2-3 օր հետո աղետալի կլինի 120,000 մարդու վիճակը։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, և ինձ ճանաչող մարդիկ։ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։

համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....

Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։

Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։

Հիվանդանոց դեղեր չեն հասնում։

Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի։

Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...

Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...

Սպասում եմ արձագանքի ու քայլերի»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: