Փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, իր կարծիքով, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը՝ երկաթգծի մասին է։
«Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- նշել է փոխվարչապետը, հայտնում է Factor.am-ը։
Անդրադառնալով այն հարցին, թե Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը՝ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ այո։
«Կարծում եմ՝ այո, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որևէ այլ ձևաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ, կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»,-ասել է նա:
Ի պատասխան այն հարցին, թե կա՞ մի կետ, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն հստակ դիրքորոշում, որ երկու կողմն էլ համաձայն են ճանապարհների ապաշրջափակման հետ կապված՝ Մհեր Գրիգորյանն ասել է, որ դա երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործումն է։
«Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործումը որպես առաջին փուլ, կարծում եմ՝ վերջնական կոնսենսուս կա: Բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են և կիսում են, որ դա այս պահի համարն որպես առաջնային հնարավոր պոտենցիալ պայմանավորվածություն լավ և դրական լուծում է տարածաշրջանի և բոլոր երկրների համար»,- ասել է փոխվարչապետը։
Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որն անցել է կառուցողական մթնոլորտում: «Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: