Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն գնահատելով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, նշել է, որ դա քաղաքացիական առաքելություն է, որը մշտադիտարկում է իրավիճակը։ Նա հավելել է, որ ԵՄ առաքելության ներկայացուցիչները միջադեպերը կանխել չեն կարող։
«Առաքելությունն ընդամենը չորս ամիս է Հայաստանում։ Դեռևս կադրային և տեխնիկական միջոցներով ամբողջությամբ ապահոված չէ, բայց իրենք շատ են պարեկություն իրականացնում։ Հայաստանի իշխանությունների հետ ունեն լավ հարաբերություններ և բնակչությունն էլ բարձր և դրական է գնահատում նրանց ներկայությունը։ Խնդրում եմ չշփոթել՝ այն քաղաքացիական առաքելություն է, որը մշտադիտարկում է իրավիճակը։ Նրանք չեն կարող կանխել միջադեպերը, բայց միջադեպերի համար պատասխանատու կողմը պետք է իմանա, որ դրանք մշտադիտարկման ներքո են»,- ասել է Լուազոն, գրում է Panorama.am-ը։
Ըստ նրա` կարևոր է, որպեսզի ԵՄ անդամ պետությունները տեղեկություն ստանան տիրող իրավիճակի մասին։
«Հայաստանում առաջին անգամ է ԵՄ առաքելություն տեղակայված։ Մենք պատրաստ էինք ադրբեջանական կողմ նույնպես առաքելություն ուղարկելու, բայց Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկը։ Իմ տպավորությամբ՝ արձանագրված և փաստաթղթավորված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որևէ ապացուցողական տվյալ, որը կհաստատի մեղադրանքը, թե Հայաստանի կողմից է ռազմական միջամտությունը տեղի ունենում, և դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը ուզում է խաղաղություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: