22 հունիսի 2023 - 11:29 AMT
ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում մեղադրանքները խաղաղապահների հասցեին՝ Հակարիի կամրջի մոտ միջադեպում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է անվանել մեղադրանքները խաղաղապահների հասցեին Հակարիի կամրջի մոտ միջադեպում՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելը։

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին միանգամային անհիմն են։ Մենք խորհուրդ կտայինք նվազեցել հռետորաբանության աստիճանն այդ հարցի շուրջ ԶԼՄ-ներում։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, նրանք հստակ կատարում են իրենց պատասխանատվության գոտում իրավիճակի կայունացմանը, հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ խնդիրները»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Զախարովան, միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված լինելու ընդհանուր խնդրի հետ։

Ռուսական կողմը բազմիցս է հորդորել արդյունավետ և հիմնավոր աշխատանք սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի գծով՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ։ Մենք պատրաստ ենք օգնել նաև այդ հատվածում սահմանագծի անցկացման որոշման հարցում, որը հերթական կռվախնձորն է դարձել կողմերի միջև»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Տարածված տեսանյութում երևում էր, որ ադրբեջանցիներին ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):