22 հունիսի 2023 - 12:58 AMT
Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշել է, որ ի թիվս մի շարք հարցերի, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը, գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։