Հունիսի 21-ին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիները հանձնվել են շահագործման։ Արարողությանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Շահագործման է հանձնվել 15 նոր անցուղի, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։
Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Մուրադյանը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։
Սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։
Հարցին անդրադարձ է եղել նաև կառավարության նիստում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ 2020-21 թթ.-ին օրվա թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, ներկայում 1500 է, և նախորդ օրը 409 մեքենայի համար ազատ տեղ կար անցակետում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը՝ հարցին լուծում տալու համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է նաև եղել, և ուզում եմ նաև վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել»,-ասել է նա։
Հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ: