Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինվորականները Եվգենի Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Քաղաքի փողոցներում տանկեր են, գրում է Meduza-ն։
Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։
Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ շետ Վալերի Գերասիմովին։
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը և գործ է հարուցել Պրիգոժինի դեմ։ ԱԴԾ-ն նաև կոչ է արել «Վագների» մարտիկներին չենթարկվել Պրիգոժինի հրամաններին և միջոցներ ձեռնարկել նրան ձերբակալելու համար։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է ՌԴ մայրաքաղաքում հակաահաբեկչական գործողությունների մասին, լրացուցիչ հսկողություն է սահմանվել ճանապարհներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաև Մերձմոսկովյան և Վորոնեժի շրջաններում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Պրիգոժինի շուրջ իրավիճակի մասին և «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»։ Ավելի ուշ նա հայտնել է, որ ՌԴ նախագահը հանդես կգա ուղերձով։
Պրիգոժինն իր ելույթներում նաև հայտարարել է, որ երկրի ռազմական հրամանատարությունը խաբում է նախագահ Պուտինին և չի ներկայացնում իրականությունը ռազմաճակատում։