24 հունիսի 2023 - 11:54 AMT
ՌԴ ԱԳՆ․ Կոչ ենք անում Բաքվին ամբողջ ծավալով ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ և կոչ է արել Բաքվին ամբողջ ծավալով ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում ՌԴ աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը «չի ինքնամեկուսանա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից»։

«Դրանց գործողության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է էսկալացիայի «գետնի վրա»։ Կարևորում ենք ռիթմիկ աշխատանքը համապատասխան հանձնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն:

Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունները անշեղորեն պահպանելու կարևորության, զսպվածության և Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար պատասխանատվության ընկալմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Երևանի և Բաքվի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: