ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ երկխոսությունը տևական խաղաղության բանալին է։
«Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»,-գրել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ։ Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ՝ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց:
«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը:
Մամլո ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար:
«Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար, ասել է նա՝ ընդգծելով, որ հունիսի 27-ը հանդիպումների առաջին օրն է, որոնք կշարունակվեն մինչևհունիսի 29-ը:
Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար և հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները:
«Էնթոնի Բլինքենը կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին եռակողմ ձևաչափով, բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որպեսզի խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը:
Մինչդեռ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։