29 հունիսի 2023 - 13:21 AMT
Փաշինյան․ Ակնհայտ է՝ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի վերջին դեպքին, նշել է, որ այդ ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով և ապատեղեկատվությամբ` Արցախի կողմից, իբր, հրադադարը խախտելու մասին։

Նա ասել է, որ ակնհայտ է՝ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:

Փաշինյանը ցավակցել է զոհված 4 հայ զինծառայողի հարազատներին։

Վարչապետը հավելել է, որ Ադրբեջանի գործելակերպն արդեն տեսանելի է նաև միջազգային հանրության համար, որի ամենաթարմ ապացույցն է ԵԽԽՎ ընդունած բանաձևը, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցք ու Արցախ հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն կա։

Նա հիշատակել է նաև այն դրույթները, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված վիճակը կարող է հանգեցնել նրան, որ Արցախի բնակիչները ստիպված լինեն լքել իրենց տները։ Բանաձևի համաձայն՝ Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթների խախտում է։

Փաշինյանը հավելել է, որ բանաձևով կոչ է արվել Ադրբեջանին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նա հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունները հետևողական են լինելու ԵԽԽՎ բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։