ԵՄ-ն դատապարտել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված ակնհայտ սպառնալիքը։ ԵՄ ներկայացուցիչը OC Media-ին ասել է, որ իրենք տեղյակ են դեսպանի գրառման մասին:
«Մենք դատապարտում ենք նման վարքագիծը, որը բացարձակ անընդունելի է ԵՄ-ում հավատարմագրված դեսպանի համար»,- ասել է նա։
Սադիկովը, որը նաև ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, Twitter-ի իր միկրոբլոգում դիպուկահարներով է սպառնացել Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության դիտորդներին, եթե նրանք մոտենան երկու երկրի սահմանին։
«Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»,- գրել էր ադրբեջանցի դեսպանը՝ հրապարակելով դիպուկահարի նկարը։
Ավելի վաղ գրառմանն արձագանքել էր Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ Լուազոն Սադիկովի այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին։
«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի պատագամվորներին։ Մի՞ թե այն բխում է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ինչ աստիճանի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Միջազգային դատարանի դատավճիռն ու պատանդ պահելով 120,000 մարդու՝ հպարտանալու բան չունեն։ Դա այն է, ի՞նչ ստիպում է ձեզ նյարդայնանալ։ Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիներին, դա չի տպավորի։ Մենք առաջիկայում ևս կսատարենք խաղաղությանն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքին»,- գրել է Լուազոն։