29 հունիսի 2023 - 18:55 AMT
Նաիրի Հունանյանի եղբորը ներում չի շնորհվի. Նախագահը մերժել է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչության համար ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 135-րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ մերժել դատապարտյալ Կարեն Հրաչիկի Հունանյանին ներում շմորհելը»,-ասվում է նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Դատարանի որոշմամբ Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը Կարեն Հունանյանը, նրանց քեռին Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։