ԱԺ նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է, որ պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, պետք է խիստ որոշումներ կայացվեն։ Նա նշել է, որ արդեն ԱԱԾ-ին ուղղված հանձրարականներ կան։
Նա նաև ասել է, որ կողմնակից է, որ տունը վարձով տված ու երկիրը թողածների հանդեպ շատ խիստ վերաբերմունք լինի՝ զրկել եկամտի աղբյուրից։
«Կա հիմնավորված և կա չհիմնավորված բացակայություն։ Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»,- ասել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։
Շարունակելով թեման, նախագահն ասել է, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել։
«Նախ՝ ով ուզում է քինա՝ ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե, իհարկե, քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»,- ասել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։