1 հուլիսի 2023 - 11:46 AMT
Ղարիբաշվիլի․ Վրաստանը ցույց է տվել, որ կարող է արդյունավետ միջնորդ լինել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր երկիրը ցույց է տվել, որ կարող է արդյունավետ միջնորդ լինել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերություններում, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել գործընթացում։

«Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործում։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի։ Եվ այդ մեդիացիան ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին, գրում է Sputnik Georgia-ն։

Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս կատարելու միջնորդի դերը։

«Ուզում եմ մեկ անգամ ևս այս ամբիոնից հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեկ անգամ ևս միանալ երկու երկրների միջև գործընթացին։ Դա շատ կարևոր ուղղություն է»,-ասել է նա։

Ղարիբաշվիլին խորհրդարանում ներկայացնում էր կառավարության տարեկան կատարողականը։

2021-ի հունիսին Ադրբեջանի իշխանությունները Վրաստանի միջնորդությամբ ազատ արձակեցին 15 ռազմագերու, իսկ ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։ Ավելի ուշ Վրաստանը հանդես եկավ «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»՝ առաջարկելով հարևան երկրներին ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ ստեղծել։