Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը և Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանն անդրադարձել են ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի միջև վերջին բանակցություններին, ուր կողմերը գրանցեցին որոշակի առաջընթաց՝ արձանագրելով, սակայն, «որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:
Բրոյերսը նշել է, որ «եթե Ղարաբաղի հայ բնակչության արտահոսք լինի, ապա դա կչեղարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական մակարդակով ձեռք բերված ցանկացած համաձայնություն», հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բրոյերսը հնարավոր է համարում կողմերի միջև համաձայնությունը մի շարք խնդիրների, ներառյալ սահմանազատման, տարբեր մարդասիրական խնդիրների և տարածաշրջանային հաղոդակցության վերաբացման շուրջ, սակայն, ըստ նրա, գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակն է։
«Ամենագլխավոր խոչընդոտը, ինչպես երևում է այժմ, հենց Ղարաբաղում և դրա շուրջ նոր իրականության հաստատումն է, ինչպես նաև այնտեղ քաղաքացիական բնակչության շարունակվող շրջափակումը և նոր էթնիկ զտումների հավանականությունն ու մտավախությունը: Եթե Ղարաբաղի հայ բնակչության արտահոսք լինի, ապա դա կչեղարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական մակարդակով ձեռք բերված ցանկացած համաձայնություն:
Այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, երբ ադրբեջանական ռմբակոծման արդյունքում զոհվեցին Ղարաբաղի չորս հայ զինվորականներ, ցավոք, վկայում է հարկադրման քաղաքականության ուղեգծի մասին: Իմ կարծիքով, դա հսկայական խոչընդոտ է միջպետական համաձայնության հասնելու համար: Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին»,- ասել է Բրոյերսը:
Օլեսյա Վարդանյանը կարևորել է, որ հնարավոր դարձավ շարունակել ԱՄՆ-ի հովանու ներքո Բաքվի և Երևանի բանակցությունները՝ չնայած արձանագրված ողբերգական միջադեպի:
«Չափազանց կարևոր է շարունակել նման աշխատանքը, քանի որ այն պահին, երբ նրանք դադարեն խոսել, հավանականությունն ավելի է մեծանում առաջնագծում անկայունություն ունենալու համար»,- պնդել է վերլուծաբանը:
Նրա խոսքով, իր լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ այս պահին կողմերին հաջողվել է համաձայնության գալ պայմանագրի նախագծի մոտ 40 տոկոսի շուրջ: Սակայն, ըստ նրա, հիմնական հարցերի շուրջ համաձայնություններ այդպես էլ չկան. կողմերն այստեղ չեն ցուցաբերում փոխզիջման գնալու որևէ ցանկություն:
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։