1 հուլիսի 2023 - 16:49 AMT
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ միտված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին, տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։