3 հուլիսի 2023 - 17:21 AMT
ԱԺԲ․ Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար, հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը։

Հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։ Բերման ենթարկելուց 6 ժամ անց Ավետիսյանին ձերբակալելու որոշում է կայացվել հայտնել էր ԱԺԲ-ն:

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺԲ հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։

«Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանը դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար: