4 հուլիսի 2023 - 11:33 AMT
Պետրոսյան․ Արցախի իշխանությունը նամակ է հղել Պուտինին, վաղն էլ համբերենք՝ հետո հրաբխի պես պետք է պայթենք

Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրի իշխանությունը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով ԱՀ ու ժողովրդի ծանրագույն վիճակը։

«Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք…

Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերն ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռությունն օր օրի ավելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։

Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։

Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման…

Վաղն էլ համբերենք, հետո հրաբխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության…»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։