Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել», -գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ սա թշնամանքի բացահայտ դրսևորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի։
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: