Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով ԱՀ-ում տիրող վիճակին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ հումանիտար բեռների անարգել տեղափոխումը, Ադրբեջանը կրկին սահմանափակել է Կարմիր Խաչի մուտքը Արցախ՝ մեղադրելով Կարմիր Խաչին ապօրինի բեռներ տեղափոխելու մեջ։
Նա նշել է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով, հայտնում է «Առավոտը»։
«Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որ մտնում է Արցախ այս օրերին՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու և նրանց կյանքը փրկելու նպատակով։ Ադրբեջանի այս գործողությունը ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը՝ բացասական հետևանքներ ստեղծելով 120 հազար մարդկանց համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով։ Ադրբեջանի ղեկավարությունը այսպես է տեսնում հակամարտության լուծումը։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս վտանգավոր ու խելահեղ պահվածքը։ Միայն իմիտացնելով խաղաղության գործընթացը և անտեսելով առկա իրողությունները՝ մենք չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը»,- գրել է Վարդանյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: