13 հուլիսի 2023 - 11:51 AMT
Բլինքենն Ալիևի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Բլինքենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին` նշելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման» անհրաժեշտության մասին:

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկի անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:

Նա կարևորել է, որ երկու կողմերը բանակցություններում պահպանեն դրական մոտեցումնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: