13 հուլիսի 2023 - 12:40 AMT
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին` Բրյուսելում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն տեղի կունենա հուլիսի 21-ին։

Փաշինյանն ասել է, որ արդեն հաստատել է իր մասնակցությունն այդ հանդիպմանը։

«Հուսով եմ` հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասել է նա։

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը, հավանաբար, հուլիսի 21-ից շուտ տեղի կունենա։

Հունիսի 1-ին Մոլդովայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից հետո Շոկցը հայտարարել է, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։