14 հուլիսի 2023 - 13:01 AMT
Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ Արցախի գրասենյակին են ներկայացրել իրենց պահանջները

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակ, որտեղ ներկայացրել են Արցախում տիրող կրիտիկական իրավիճակը։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին կոչ է արել ահազանգել ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը, թե ինչ է կատարվում Արցախում, հայտնում է Արցախպրեսը։

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ նշել է, որ գնահատում է ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքը։

«ԿԽՄԿ-ն Արցախում միակ կառույցն է, որ տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է աշխարհի համար։ Բայց, մեր ունեցած տեղեկություններով, բավարար չափով չի ներկայացնում, թե ինչ է կատարվում այստեղ։ Դեղորայք հասցնելն ու հիվանդներին ՀՀ բուժհաստատություններ տանելը միայն արցախցիների համար բավարար չէ»,-ասել է Ներսիսյանը։

ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ պահանջը կփոխանցի գրասենյակի ղեկավարին։

ԿԽՄԿ Արցախի գրասենյակից քաղաքացիները շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայր։

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: