Ավարտվել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։ Ներսիսյանն ասել է, թե իրեն վստահեցրել են՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցեն Ռուսաստան։
Նա նշել է, որ խաղաղապահները պարտավորվել են անել ամեն ինչ՝ վերացնելու ստեղծված հումանիտար ճգնաժամը, հայտնում է Aysor.am-ը։
Համաժողովրդական շարժման մասնակիցների կեսը կշարունակեն մնալ խաղաղապահների տեղակայման վայրում, մյուս կեսը կվերադառնա Վերածննդի հրապարակ, որտեղ երեկոյան հավաք է նախատեսված։
Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:
Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: