15 հուլիսի 2023 - 11:58 AMT
Միրզոյանը «Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է գործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիսաբոնում հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ՝ քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էր նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Միրզոյանն ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտացման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների և հիմնադրամի համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս և նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաև «Գալուստ Գյուլբենկյան» թանգարան և ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաև հայկական բացառիկ նմուշներ։