Այս պահի դրությամբ՝ «Հայաքվեին» միացել է 25,000 մարդ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա արդյունքը հրաշալի է համարում. անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն կարողացել են մոբիլիզացնել:
«Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- նշել է Չալաբյանը:
Նա նշել է, որ քաղաքացիները բարձր ակտիվություն են ցուցաբերում, սակայն, մարզերում, հատկապես Տավուշում ու Վայոց ձորում, մարդկանց ահաբեկում են, ասում են` եթե միանաք «Հայաքվեին», կազատվեք աշխատանքից:
«Ես կարծում եմ, որ դա արդյունք չի ունենալու, վախի մթնոլորտը, որ ստեղծել է այս իշխանությունը, մեր աչքի առաջ ջարդվում է: Մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է տեղի ունենում մոբիլիզացիա «Հայաքվեի» շուրջ», - նշել է Չալաբյանը, գրում է Aysor.am-ը։
Ըստ նրׇա` իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»:
Չալաբյանը հակադարձել է ՔՊ-ականների կողմից տարածված թեզին, թե «Հայաքվեն» տանում է դեպի պատերազմ:
«Պատերազմի միակ մեղավորն այս իշխանությունն է, նրանք հրահրեցին 44-օրյա պատերազմը»,- ասել է Չալաբյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։