Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Արարատի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Մխչյան գյուղի տարածքում գտնվող Արտաշատի ավտոշուկայի պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ծրագրի արդյունքում մոտ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք:
Վարչապետը շրջել է ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։
Կառավարության ղեկավարը նաև ծանոթացել է վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին։ Պատասխանատուները ներկայացրել են, որ նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։