Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այդ մասին նա ասել է Alpha News-ին հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի լրացումը լինի:
«ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապես ներգրավված ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Ես կարծում եմ, եւ բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարեւոր գործոն է: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի», — ասել է Կլաարը:
Նա շեշտել է՝ հասկանում են բոլորի զգացմունքները, և շատ հստակ հայտարարել են, որ Լաչինի միջանցքը պետք է բացել։
«Բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ պետք է օգտվել ցանկացած առաջարկից՝ ոչ որպես այլընտրանք Լաչինի միջանցքին, այլ որպես լրացում»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանիսահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբարգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբրԿարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով,մաքսանենգ ապրանքներեն հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։