Ռուսաստանցի փորձագետ Մաքսիմ Յուսինը «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում, անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, գրել է, որ տարածաշրջանը դրամատիկ իրադարձությունների շեմին է։
Նա անդրադարձել է վերջին օրերին բավականին սուր բնույթ ստացած հայտարարությունների փոխանակմանն Ադրբեջանի և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ։ Ըստ Յուսինի դա վկայում է ՌԴ և Ադրբեջանի միջև հարաբերություններում վերջին տասնամյակների ամենասուր ճգնաժամի մասին։
«Հարավային Կովկասը, հնարավոր է, կանգնած է դրամատիկ իրադարձությունների շեմին։ Դա պարզ դարձավ ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ աննախադեպ սուր հայտարարություններից հետո»,-նշել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով՝ «տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումից, ինչը կարող է ամենադրամատիկ հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար»,– նշված է հայտարարության մեջ։
Ադրբեջանը մեղադրեց ՌԴ-ին դաշնակցային հռչակագիրը խախտելու մեջ։ Մոսկվան հավաստիացրել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, սակայն, որ դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի բոլոր հարցերի լուծումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»։ Այս հայտարարությունն արդեն Բաքվում «տարակուսանք և հիասթափություն է» առաջացրել։
Յուսինը նշել է, որ թեև ՌԴ ԱԳՆ փաստաթուղթը չի պարունակում ուղղակի մեղադրանքներ Բաքվի դեմ, սակայն տեքստից պարզ է դառնում, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի փաստացի շրջափակումը դարձել է ճգնաժամի պատճառ։
Յուսինին հետաքրքրել է նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության այն մասը, որը վերաբերում էր ԼՂ-ից հայկական զինված ուժերի դուրսբերմանը։
«Հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրսբերումն Ադրբեջանից դեռ ապահովված չէ։ Ավելին, այդ կազմավորումներին աջակցություն է ցուցաբերվում ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո»։
Ըստ Յուսինի՝ այլ կերպ ասած՝ Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային 2020 թվականի նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու անկարողության և ցանկության բացակայության մեջ։
Փորձագետը նշել է, որ Բաքվից հնչող գնալով ավելի վճռական հայտարարությունները, կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը և նրա թիմը պատրաստ են արագացնել իրադարձությունների զարգացումը և կարող են չսպասել մինչև 5-ամյա ժամկետի ավարտը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կարգուկանոնն ու ստատուս քվոն պետք է պահպանեն ռուս խաղաղապահները։
«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետևում է, որ խաղաղապահները Բաքվում այլևս չեզոք կողմ չեն համարվում, ինչը նշանակում է, որ հավանականությունը, որ նրանց ներկայությունը չի խանգարի ադրբեջանական բանակին մաքրել Ստեփանակերտը և շրջակա տարածքները «զինված կազմավորումների մնացորդներից», չի բացառվում։
Բաքուն հուսով է, որ Հայաստանը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, չի միջամտի (իսկ եթե նույնիսկ միջամտի, ապա ուժերի դասավորվածությունն ակնհայտորեն Բաքվի օգտին է)։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այն նույնպես պատրաստ չէ հանդես գալ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որը տեսականորեն կարող է զսպել Բաքվի ռազմատենչ նկրտումները, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է, առաջին հերթին՝ նավթի ու գազի ոլորտում, բայց Արևմուտքը չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Նրա համար հիմնական հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկվում են որպես այլընտրանք ռուսականին։
Ինչ վերաբերում է Կրեմլին, նրա արձագանքը, Բաքուն, կարծես, առանձնապես չի վախեցնում։ Այնտեղ, հավանաբար, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորն է խրվել Ուկրաինայի պատերազմում և Հարավային Կովկասում ևս մեկ ճակատ բացելու ոչ ուժ ունի, ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն»,- ասվում է հոդվածում։