19 հուլիսի 2023 - 17:38 AMT
ԱՀ ԱԺ նախագահ․ Միակ միջոցն Արցախի անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքով

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին` նշելով, որ միակ միջոցն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։

Նա նաև կոչ է արել միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:

«Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։

Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին»,-ասվում է ուղերձում։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։