Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները՝ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նրանք պայմանավորվել են հետագա շփումների մասին։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։