Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա՝ կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը՝ այդ թվում լուծումների որոնմանը չհամաձայնեցված հարցերում, ինչին ՌԴ-ն պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել։
«Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ և առանձին երկկողմ բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նախարարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապասրացման և 2020-ի նոյեմբերի 9-ի, 2011-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները։ Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը՝ այդ թվում լուծումների որոնմանը չհամաձայնեցված հարցերում, ինչին ՌԴ-ն պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել։
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային ուղղություններ, սահմանազատումը ՀՀ և Ադրբեջանի միջև, շփումները հասարակության և փորձագետների գծով, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ
Նշվում է, նաև, որ Բայրամովի և Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումներում Լավրովը կկենտրոնանա երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի քննարկման վրա՝ քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ, անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամային վիճակին, հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և այդ պայմաններում պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա։
Հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի պայմանագրի անբաժան մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև ՌԴ Ադրբեջանի և ՀՀ միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ կատարումը` այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։