Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։
Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։