26 հուլիսի 2023 - 13:04 AMT
Freedom House-ի կոչն Ադրբեջանին` թույլ տալ ԿԽՄԿ-ին մարդասիրական օգնություն հասցնել Արցախ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին մարդասիրական օգնություն հասցնել Արցախ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական անհրաժեշտության հումանիտար օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղին և անհապաղ ապահովել ազատ տեղաշարժը՝ բացելով Լաչինի միջանցքը, երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։

ԿԽՄԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած անդադար ջանքերին, չեն կարողանում օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով՝ այդ թվում Աղդամով:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։