Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ նա մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Այդ մասին Թևանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։
Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։
Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։ Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է Թևանյանը։
Ավելի վաղ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել ավագանու առաջիկա ընտրություններին։