17 օգոստոսի 2023 - 14:28 AMT
ՀՀ քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց

Հայաստանի քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունն ընդունել է միաձայն, հայտնում է Sputnik Արմենիան։

Այժմ նման տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության պետական ծառայություն, իսկ արտերկրում գտնվելու դեպքում՝ ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն: Հայաստանն աշխարհի 42 երկրում ունի 10 հյուպատոսություն և 46 դեսպանություն, սակայն դրանք միշտ չէ, որ հասանելի են օտարերկրյա քաղաքացիներին։

Բացի այդ, խոշոր երկրներում (օրինակ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում) մոտակա հյուպատոսություն հասնելու համար երբեմն պետք է անցնել հարյուրավոր կիլոմետրեր. նման դեպքերում հաճախ հայտնվում են անձինք, ովքեր խոստանում են միջնորդել այդ ծառայությունները ստանալու համար՝ որոշակի վճարի դիմաց։ Որոշ դեպքերում միջնորդներին դիմում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ստանալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք, օրինակ՝ թաքցնել ՀՀ քաղաքացիությունը (այնպիսի երկրի քաղաքացիություն ստանալիս, որտեղ երկքաղաքացիություն չի թույլատրվում)։