31 օգոստոսի 2023 - 13:27 AMT
Փաշինյան․ Բաքուն, ՌԴ խաղաղապաների ներկայությամբ, շարունակում է ԼՂ հայությանը սովահարելով ցեղասպանելու քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, տեղեկացրել է, որ Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ ԼՂ ուղևորված հումանիտար բեռներով ավտոշարասյունը ևս կանգնած է Կոռնիձորի հատվածում, քանի որ Ադրբեջանն արգելում է ԼՂ դրանց մուտքը ևս։ Նա նշել է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։

«Ադրբեջանի քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից։ Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վեադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ։ Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մռխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես արեն համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը։

Վարչապետը կրկնել է, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրության կենտրոնացմանն ուղղված ջանքերը պետք է շարունակել։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե Արցախի իշխանություններին առաջարկելով Ադրբեջանի տարածքում հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, ռուսական կողմն ինչ երաշխիքներ է տալիս, որ նրանց նույնպես չեն առևանգի ու ձերբակալի, ինչպես մի շարք հայերի, ասել է, որ որևէ երաշխիք չի կարող լինել, երբ ՀՀ-ն արմատապես փոխում է դիրքորոշումը կարևորագույն հարցի մասով։