31 օգոստոսի 2023 - 15:59 AMT
Արտակ Բեգլարյանն ազատվել է ԼՂ պետնախարարի խորհրդականի պաշտոնից

ԼՂ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:

Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:

11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը:

Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում:

Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար:

Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ»,- նշված է գրառման մեջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական կտա։ Այդ մասին նա ինքն է հայտնել ֆեյսբուքյան էջում։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։

Հարությունյանը նշել է, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ։ Նա հավելել է, որ դա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից: