Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հարցը ներառվել է Իսպանիայում մեկնարկած հանդիպման օրակարգում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
Նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքն ազատ պետք է լինի հումանիտար օգնության համար», գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք Ֆրանսիայի մեր գործընկերոջ հետ օրակարգում ներառել ենք նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է»,– ասել է Բերբոնքը։
Նախարարը նշել է, որ էլեկտրականությունը հասու է միայն փոքր չափով։
«Ուստի, մենք դիմում ենք Ադրբեջանին և ՌԴ–ին կոչով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ իրեն հարկավոր է կյանքի համար, Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի հումանիտար օգնության համար»,–ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Բերբոքն ասել է նաև, որ արդեն մի քանի օր է կարծիքների փոխանակում է անցկացնում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու համար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնություն։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: