31 օգոստոսի 2023 - 17:11 AMT
Երևանը կրկին «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներ կգնի

Երևանը կրկին «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներ կգնի։ Հարցն ընդգրկված էր օգոստոսի 31-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2023-ի հունիսի 29-ի որոշմամբ թույլատրվել է կնքված պայմանագրում իրականացնել փոփոխություններ, որի հիման վրա կնքվել է Համաձայնագիր N 4, որը սահմանել է 30 հատ հավելյալ ավտոբուսների մատակարարման ժամանակահատվածը։ Մատակարար ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, որպեսզի ստանա կանխավճար դեռ չմատակարած 30 ավտոբուսի գնի չափով, հայտնում է Araratnews.am-ը։

Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022–ի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։ Գնման ընթացակարգի արդյունքում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը։