1 սեպտեմբերի 2023 - 13:56 AMT
ՊՆ․ Ադրբեջանը կեղծ լուրերով տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքում սադրանքը շարունակելու համար

Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ–ն նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սեպտեմբերի 1–ի առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այնուհետև ՊՆ-ից հայտնել են, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: