Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանը զուգահեռ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ամենօրյա պայքարի մեջ են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հիգիենայի պարագաներ և այլ ապրանքներ հայթայթելու համար, Հայաստանում, Ադրբեջանում և միջազգային շրջանակում քննարկումներ են ընթանում հնարավոր ելքերի վերաբերյալ։ Ադրբեջանն ունի իրավիճակի հանգուցալուծման իր տեսլականը։ Ըստ Բաքվի, եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա ոչ ոք չպետք է մերժի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ ապրանք մատակարարելու հնարավորությունը։ Բաքվում շատերն այս տարբերակը դիտարկում են որպես Ադրբեջանի տնտեսական և հետագայում քաղաքական կյանքին Լեռնային Ղարաբաղի աստիճանական ինտեգրման առաջին քայլ:
Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանություն կազմակերպելու մեջ։ Միաժամանակ, Հայաստանը հետ չի կանգնում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու իր հայտարարությունից, սակայն քայլեր է ձեռնարկում՝ գործադրելու միջազգային ճնշում Ադրբեջանի վրա՝ վերականգնելու Լաչինի միջանցքով մատակարարումները: Հայաստանը հրաժարվում է այս հարցի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է վերադառնան 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանը, ըստ որի Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որն ապահովում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապը, պետք է մնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հսկողության տակ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ երբևէ չի քննարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը մատակարարումների համար օգտագործելու հնարավորությունը, քանի որ իրավասու չէ քննարկել նման հարցեր։ Հայաստանը նաև դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ այս հարցով արտահերթ նիստ գումարելու համար և օգոստոսի 16-ի քննարկումների ժամանակ կրկնել է Լաչինի միջանցքի բացման իր կոչը՝ համաձայն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ.-ի փետրվարի և հուլիսի որոշումների։
Միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը, կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերականգնել ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ՝ ընդունելով Ադրբեջանի պատրաստակամությունը՝ օգտագործել այլ ուղիներ ապրանքների մատակարարման համար։ Այս հայտարարություններում, սակայն, կա մի հստակ ընդհանուր գիծ. մյուս ուղիները, մասնավորապես Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, չեն կարող այլընտրանք դառնալ Լաչինի միջանցքին։
Ըստ մի քանի աղբյուրի՝ Ռուսաստանն առաջարկել է մատակարարումներ սկսել Աղդամից, իսկ հաջորդ օրը վերաբացել Լաչինի միջանցքը՝ միաժամանակ օգտագործելով երկու երթուղին, և Ադրբեջանում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի կառավարության միջև հանդիպում՝ մանրամասները քննարկելու համար։ Սակայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին Վագիֆ Խաչատրյանին, երբ նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենայով անցնում էր Լաչինի միջանցքում գտնվող ադրբեջանական անցակետը Հայաստանում բուժում ստանալու համար, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժեցին Ադրբեջանում հանդիպել այդ երկրի ներկայացուցիչների հետ։
Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամն առաջացրել է ներքաղաքական լարվածություն։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրապարակավ մեղադրել է արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին դիրքորոշումները հաճախակի փոխելու և այդպիսով հանրապետությունում խառնաշփոթ ստեղծելու մեջ։ Օգոստոսի 25-ին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը (որը վերջերս պաշտոնանկ է արվել,- խմբ.) հայտարարել էր, որ անհրաժեշտ է դիմել Ռուսաստանին և Արցախում ստեղծված իրավիճակով հետաքրքրված մյուս կողմերին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Նա նաև հայտարարել է, որ քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, հանդիպումը կարող է կայանալ ռուս խաղաղապահների շտաբում կամ որևէ այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։
Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են մերժել Ադրբեջանից ապրանքներ ստանալու տարբերակը՝ պնդելով, որ դա կարդարացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կփոքրացնի միջանցքի բացման հավանականությունը։ Լեռնային Ղարաբաղ մատակարարման ուղիների շուրջ հիմնական խնդիրը վերաբերում է տարածաշրջանի ապագային: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը մերժում են Ադրբեջանի մաս լինելու տարբերակը, նրանք վախենում են, որ Ադրբեջանից ցանկացած մատակարարում այդ սցենարն ավելի հավանական կդարձնի: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է մերժել Լաչինի միջանցքով ապրանքների մատակարարումը վերականգնելու հնարավորությունը՝ պնդելով, որ երթուղին կարող է օգտագործվել միայն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժվելու նպատակով մարդկանց փոխադրումների համար։
Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսվել են քննարկումներ այն մասին, որ Ադրբեջանից մատակարարումներ իրականացնելու միակ այլընտրանքը միջազգային հանրությանն ուղղված կոչն է՝ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից հայերի լայնածավալ տարհանում։ Այս տեսակետի հիմքում ընկած տրամաբանությունը պարզ է։ Եթե բոլոր արտաքին դերակատարները, այդ թվում՝ Հայաստանը, ընդունում են, որ հակամարտությունը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով, և միայն Լեռնային Ղարաբաղի հայերն են դեմ այս տարբերակին, նրանք միայնակ չեն կարող դիմակայել Ադրբեջանի ճնշմանը։ Այսպիսով, Ադրբեջանի կազմում չլինելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղից հեռանալն է։ Ոմանք կարող են ենթադրել, որ սա աշխատող տարբերակ է, որը կարող է մեկընդմիշտ լուծել խնդիրը:
Ինչևէ, բացի նման նախաձեռնության իրականացման իրավական, բարոյական և լոգիստիկ խոչընդոտներից, այն աշխարհաքաղաքական աղետ կդառնա տարածաշրջանի համար։ Դա միայն կխորացնի հայերի և ադրբեջանցիների միջև անվստահությունն ու ատելությունը և ապագայում կնախապատրաստի բռնության հաջորդ փուլ, քանի որ հայերը բոլոր քայլերը կձեռնարկեն նման ազգային նվաստացման վրեժը լուծելու համար:
Չկան օպտիմալ լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Ընտրությունը վատ, ավելի վատ և վատագույն տարբերակների միջև է: Միակ ելքը «միջին ճանապարհ» գտնելն է, որը կարող է ներառել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ ապրանքների մատակարարման վերականգնումը և միաժամանակ այլ ուղիների օգտագործումը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը վերջապես պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի իր տեսլականը՝ նրանց իրավունքների մանրամասն նկարագրությամբ և դրանք պաշտպանելու մեխանիզմներով։ Ընդհանուր հայտարարություններն այն մասին, որ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության, բավարար չեն։ Հակառակ դեպքում, եթե անգամ կարճաժամկետ լուծումը մեղմացնի հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում, ճգնաժամը կմնա՝ առանց թունելի վերջում լույսի։
Բենիամին Պողոսյան, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող