4 սեպտեմբերի 2023 - 12:38 AMT
Փաշինյանը՝ La Repubblica–ին․ Կամ ՌԴ–ն չի կարողանում պահել հսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, կամ չի ուզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին, ԼՂ հայաթափմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը և ՌԴ անգործությանը Լաչինի միջանցքւ բացելու հարցում։

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանի առաջին հարցն այն մասին էր, թե հայերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու այս շարժերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է։

«Այս պահի դրությամբ մեր իրավիճակը հետևյալն է. որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Հայաստան և որոշ թվով քաղաքացիներ, հիմնականում ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանում՝ ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել են Հայաստան:

Ընդհանուր առմամբ, դրանից առաջ կա լուրջ խնդիր: Իսկ լուրջ խնդիրը հետևյալն է, որ դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ, այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ: Այսինքն՝ դե յուրե լուծված է, դե ֆակտո լուծված չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, և այս կատեգորիայի մեջ մտնող մոտավորապես մի քանի տասնյակ հազար հայ կա, որ այսօր փաստացի զրկված է այդ հնարավորությունից:

Իսկ, ընդհանուր առմամբ, մենք չենք էլ թաքցրել, և ես Կառավարության վերջին նիստում խոսել եմ այդ մասին, որ մեր դիտարկմամբ և գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով: Եվ Լաչինի միջանցքի խնդիրն էլ պիտի դե յուրե լուծված լիներ, որովհետև գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավական պարտադիր որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Բայց, քանի որ այդ որոշումը, որը կայացվել է 2022 թվականի փետրվարի 22-ին և վերահաստատվել 2022 թվականի հուլիսի 6-ին, չի կատարվում: Դա արդեն Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամից հետո գալիս է վկայելու նաև, եթե կարող ենք այսպես ասել, միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»:

La Repubblica–ի լրագրողը հետևյալ հարցն է հնչեցրել «Լաչինի միջանցքի կենսունակությունը պետք է երաշխավորվեր ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց մենք գիտենք, որ դա տեղի չի ունենում, գիտենք, որ փաստացի Ադրբեջանն է վերահսկում այս միջանցքը։ Մենք գիտենք, թե այդ պրոցեսն ինչպես է տեղի ունեցել՝ կեղծ բնապահպաններ և այլն։ Բայց կարո՞ղ եք բացատրել քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը» ։

Վարչապետն ասել է, որ չի կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը:

«Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է»,–ասել է Փաշինյանը։ :

Պատասխանելով Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառի մասին հարցին՝ Փաշինյանը խոսել է պատմական զուգահեռների մասին և ասել է, որ կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում՝ երկուսն էլ խնդրահարույց է:

«Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:

Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»,–ասել է Փաշինյանը։

La Repubblica․ «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում»։

«Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»,–ասել է Փաշինյանը: