4 սեպտեմբերի 2023 - 13:17 AMT
Փաշինյան․ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյո՞ք «Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունն Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համար»։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»,–ասել է վարչապետը։

La Repubblica․ «Բայց Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է։ Նրանք համարում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Նրանք նույնիսկ պնդում են, որ Հայաստանի որոշ հատվածներ նույնպես Ադրբեջանի մաս են, որոնք նրանք նաև օկուպացիայի տակ են պահում։ Ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից։»

Վարչապետը պատասխանել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն:

«Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»,–ասել է Փաշինյանը:

La Repubblica–ի լրագրողն ասել է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունը կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ և ի՞նչ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացի, քանի որ Ադրբեջանի կողմից հայերի դեմ հայտարարությունները կարող են մտահոգություններ առաջացնել այս հարցում։

«Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և՛ այդ երաշխիքների բացակայությունն է, և՛ Ձեր նշած հարցի գոյությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որն ապացուցվում է այսօրվա իրավիճակով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և դա է հենց պատճառը, որ մենք ասում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչո՞ւ ենք այդպես ասում, հենց Ձեր նշածի պատճառով, երաշխիքների բացակայության պատճառով: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, պայմանավորվի այդ երկխոսության շրջանակներում, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային: Հենց դա է, եթե Ձեր նշած երաշխիքները լինեին, հակամարտություն չէր լինի: Հենց Ձեր նշած երաշխիքների բացակայությունն է, որ պատճառ է այսօրվա իրավիճակի, պատճառ է երեկվա իրավիճակի, պատճառ է 5 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 10 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 20 տարի առաջվա իրավիճակի»,–ասել է Փաշինյանը։