4 սեպտեմբերի 2023 - 17:38 AMT
Համալիրի մոտ քաղաքացիները բողոքել են Ծիծեռնակաբերդի ճեմուղու սալիկների քանդման դեմ․ Քաղաքապետարանը պարզաբանել է

Մարզահամերգային համալիրի մոտ՝ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ սեպտեմբերի 4–ի առավոտից բողոքի ցույց են սկսել: Դեռ երեկվանից քաղաքացիները նկատել են, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը քանդում են՝ խոսքը համալիր տանող ճեմուղու մասին է։

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանը բարբարոսություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում։

Ստեփանյանը նշել է, որ սեպտեմբերի 3–ի օրվա երկրորդ կեսից տեղում են՝ Ծիծեռնակաբերդի հայտնի ճանապարհին, որտեղով մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանում են Ծիծեռնակաբերդ, հայտնում է «Առավոտը»։

«Արձանագրվեց, որ տեղում շինաշխատանքներ են իրականացվում, որի հիմքերն առնվազն չեն ներկայացվում քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանը չի փակցրել նախագիծը, ինչի մասին ասացինք այսօր եկած քաղաքապետարանի աշխատակիցներին ու նրանք համաձայնեցին, որ այդպես է: Մենք ահազանգել ենք ոստիկանություն, որ հասկանանք՝ էս ինչ աշխատանքներ են իրականացվում: Ինչի արդյունքում ոստիկանական ուժեր են կուտակվել, ըստ մեր հասկացածի, ոստիկանությունը հարկադրաբար պատրաստվում է հեռացնել տարածքից։ Երեք հոգի արդեն բերման են ենթարկվել, մարդիկ, որոնք չեն խոչընդոտել աշխատանքներին: Հստակ արձանագրենք, որ իրականացվող աշխատանքները իրականացվում են անհայտ կազմակերպության կողմից, ուզում ենք արձանագրել նաև, որ նախագիծ չկա: Համալիրի տնօրենն ասում է, որ այստեղ մեքենաների կայանատեղի կկառուցվի, քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ ճանապարհը բացվում է հրշեջ մեքենաների համար, ինչն անհասկանալի է, որովհետեւ տասնամյակներ շարունակ հրշեջ մեքենաներն այստեղով անցել են ու որևէ խնդիր չի եղել: Կան նաև առանձին ճանապարհներ, որ դրա համար են նախատեսված»,–ասել է նա։

Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարծում եմ, Ծիծեռնակաբերդում կատարվողը Եղեռնի հուշահամալիրը կամաց-կամաց զուտ թանգարան թողնելու հարց է, այդ ուղիները շատ կարևոր են, ծածկույթն էլ ճարտարապետության մաս։ Ժամանակին հայրս պատմում էր, որ շատ էր քննարկվում Համալիրի տեղը Հուշահամալիրի ընկալման ազդեցության տեսակետից, բայց դե հենց այդ ճեմուղով քիչ թե շատ հարցը լուծվեց։ Հետո ռեստորաններ հայտնվեցին (համալիրի մեջինների մասին չէ խոսքը), բայց դա քաոսի ու ամենաթողության արդյունք էր։ Սալահատակը ասֆալտի փոխելը, էն էլ սենց ափալ-թափալ, ըստ իս դեսակռալիզացիայի հերթական քայլն է, դե մեջն էլ համ էլ լավ փող կա»։

Քաղաքապետարանն իր հերթին պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է, որ Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։

«Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում»,–ասվում է քաղաքապետարանի պարզաբանման մեջ։