Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին ասել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։
Ըստ դիտորդական առաքելության հայտարարութան, գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։
«Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։ Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները»,–ասվում էր առաքելության հայտարարության մեջ։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։