6 սեպտեմբերի 2023 - 12:51 AMT
Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին․ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ սեպտեմբերի 5–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր:

Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից:

Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ, կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, ցավոք, դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության երկկողմ օրակարգի առաջ մղման հնարավոր քայլերին:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել էր Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։